Friday, May 25, 2012

Առաքելոյ աղաւնոյ. Հոգեգալուստ

Առաքելոյ աղաւնոյ.
իջանելով մեծաձայն հնչմամբ ի բարձանց.
ի նմանութիւն լուսոյ փայլման
հրազինեաց անկիզելի զաշակերտսն.
մինչդեռ նստէին ի սուրբ վերնատանն:


Աննիւթական աղաւնի.
անքննելի որ քննէ զխորս Աստուծոյ.
զոր առեալ ի Հօրէ պատմէ
զահաւոր եւ զմիւսանգամ գալուստն.
զոր քարոզեցին համագոյական:

Օրհնութիւն ի բարձունս.
ելողին ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ.
որով առաքեալքն արբեցան
անմահական բաժակաւն.
եւ հրաւիրեցին զերկիրս ի յերկինս:



Հեղինակը Սուրբ Մովսես Խորենացին է:
Այն երգվում է Հոգեգալստյան տոնին և Մկրտության Խորհրդի ժամանակ:



Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հոգեգալուստի տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն և Համբարձումից տասն օրեր հետո տեղի ունեցավ Հգեգալուստը` հրեաների Պենտեկոստեի տոնին (Պենտեկոստեն հրեաների գերությունից ազատվելու հիսուներորդ օրվա հիշատակության տոնն էր, երբ Մովսեսի միջոցով հրեա ժողովրդին Աստված տվեց Օրենքը): Հոգեգալուստը նաև առաջին եկեղեցու` Վերնատան հիմնադրության օրն է:


«Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին։ Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ։ Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս։ Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։ Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով։ Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք։ Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»։ (Գործք 2.1-11)



No comments:

Post a Comment