Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի.
երկնաւոր նահատակք եւ կուսանք իմաստունք.
ի պարծանս ձեր բարձրացեալ տօնէ
մայր Սիովն դստերօքն իւրովք:
Բարբառք երկնաւորք լցին զերկիր,
քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս,
ողջակէզք բանաւորք եւ զոհք փրկութեան
եւ որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ:
Գեղեցկութիւնք մարմնաւոր պայծառութեան ձերոյ
յիմարեցոյց զթագաւորն, եւ պակեան հեթանոսք.
ի գեղ սքանչելի աստուածատուր կուսանացն
տարփացեալ զուարթունքն ընդ մարդկան տօնեցին:
Դարձեալ վերստին արարչագործ զօրութիւն
եւ դարձեալ եդեմ աստուածատունկ զարդարի,
քանզի ծառն կենաց տնկեցաւ ի դրախտին`
բերելով մեզ պտուղ զերանելին Հռիփսիմէ:
Կատարում է Գեղարդավանքի երգչախումբը.
Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի տոների օրհնության շարականն է: Հեղինակը Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսն է (Է դար): Այն գրվել և առաջին անգամ երգվել է Սուրբ Հռիփսիմե վանքի օծման տոնակատարությունների ժամանակ: Հայ հոգևոր երգեցողության մեջ առաջին շարակապային (akrostikos) ստեղծագործությունն է, որի համար էլ հետագայում նույնատիպ երկերն սկսեցին անվանվել <<Անձինք>>:
Այս տարի մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Արարատյան շաբաթն է: Հոգեգալստի տոնից մեկ շաբաթ հետո` Եղիա մարգարեի հիշատակության կիրակիին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է Արարատյան շաբաթը: Ամբողջ շաբաթվա տոները բովանդակող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտ` որտեղից էլ ստացել է անվանումը: Հնում այս տոներին մասնակցելու համար բազմահազար ուխտավորներ են եկել Արարատյան դաշտ` Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերից:
Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում։ Հրաշագեղ կույսն իր գեղեցկությամբ գերում է կայսերը, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան։ Չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, կույսերն իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդությունը վկայում է, որ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր՝ Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ։ Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այս մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը:
Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ Հռիփսիմեին: Վերջինիս բերում են պալատ և նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել թագավորին: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Կույսերի նահատակության վայրերում Սբ. Գրիգոր Լուսավորիչը վկայարաններ է կառուցում, իսկ արդեն հետագայում վեր են հառնում Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները։
Կույսերի նահատակությունը շրջադարձային է հայոց պատմության համար։ Նրանց նահատակությունից հետո Տրդատ թագավորը անբուժելի հիվանդանում է և Խոսրովիդուխտ քրոջը տրված տեսիլքով միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կարող էր նրան բժշկել: 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, ով դարձի է բերում և մկրտում Տրդատ թագավորին և ողջ արքունիքն ու ժողովրդին `Քրիստոսի լույսը տարածելով Հայոց աշխարհում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն և օծում ստանալուց հետո իր հետ Հայաստան է բերում և Աշտիշատի ու Բագավանի նորահաստատ եկեղեցիներում է ամփոփում Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի մասունքները:
Այնուհետև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի համաձայն կառուցվում է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը:
Այսպիսով, Արարատյան շաբաթը բովանդակում և տոնախմբում է Հայոց Դարձի պատմությունը:
Մայիսի 27-ին` երկուշաբթի օրը Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմյանց Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Հռիփսիմե վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:
Մայիսի 28-ին` երեքշաբթի օրը Սուրբ Գայիանյանց կույսերի տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գայիանյանց Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Գայանե վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:
Մայիսի 30-ին` հինգշաբթի օրը Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի նշխարների փոխադրության տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սրբազան Մասունքները հանդիսավոր թափորով կտարվեն Սուրբ Շողակաթ վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:
Հունիսի 1-ին` շաբաթ օրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից ելքի` դուրս գալու տոնն է:
Վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մասունքները կտեղափոխվեն Խոր Վիրապի վանք և կմատուցվի Սուբ Պատարագ:
Հունիսի 2-ին` կիրակի Սուրբ Էջմիածնի տոնն է:
No comments:
Post a Comment